ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել

19:42, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում ապրիլի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Աթենքի ակադեմիայի միջև  համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն։

011.jpg (384 KB)

022.jpg (427 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, իսկ հունական կողմը՝ Աթենքի ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ստամատիոս Կրիմիզիսը։

Ըստ աղբյուրի՝ ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև Հունաստանի նախկին նախագահ, Աթենքի ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Պրոկոպիոս Պավլոպուլոսը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Աթենքի ակադեմիայի նախկին նախագահ Միխաիլ Ստաթոպուլոսը և գլխավոր քարտուղար Խրիստոս Զերեֆոսը։

033.jpg (199 KB)

Նշվում է, որ հուշագիրը համատեղ գիտական ծրագրերի մշակման և դրանց շուրջ համագործակցության հնարավորություն է ընձեռում՝ սահմանելով դրանց հիմնական ուղղությունները և հաղորդելով դրանց ինստիտուցիոնալ բնույթ։

438086292_827215219440262_5181281890863974283_n.jpg (458 KB)

Հուշագիրը հնարավորություն կընձեռի սկսել փոխադարձ այցելություններ, մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, իրականացնել համատեղ գիտական նախաձեռնություններ և կյանքի կոչել գիտնականների, հետազոտողների փոխանակման ծրագրեր։

Դեսպանության տեղեկացմամբ՝ կողմերը համաձայնել են, որ տարբեր ուղղություններում երկարաժամկետ և կարճաժամկետ համագործակցությունը կարող է ներառել համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում Հունաստանում և Հայաստանում, ինչպես նաև համատեղ միջոցառումների, գիտաժողովների, ամառային դպրոցների, գիտնականների փոխանակման ծրագրերի կազմակերպում, համատեղ գիտական նյութերի հրապարակում։

 439865280_827215372773580_8730224161011293741_n.jpg (503 KB)


© 2009 ARMENPRESS.am